Հանդաբերդի ամրոց, Գտչավանք


Հանաբերդի ամրոց

Տեղադրությունը

Հանդաբերդի ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանի  Քնարավան գյուղից 1 կմ արևելք, Լև գետի աջ ափին: Գետափից բերդը բարձր է շուրջ 280 մետր, գտնվում է ծովի մակերևույթից 1665 մետր բարձրության վրա:

Պատմական ակնարկ

Համաձայն Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացի)՝ բերդը կառուցվել է Առանշահիկ Սահլ Սմբատյան իշխանի որդի Ատրներսեհը` 9-րդ դարի երկրորդ քառորդում (Կաղանկատուացի 1983, 340): Թերևս ավելի վաղ շրջանում գոյություն ունեցող ամրոցն Ատրներսեհ իշխանի կողմից վերակառուցվել և ընդարձակվել է: Համաձայն Դադիվանքում պահպանված մի խաչքարի արձանագրության՝ 1142-1182 թվականներին ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխան Հասան Վախտանգյանին (ԴՀՎ 1982, 198): Ամրոցը Հանդաբերդ անվամբ հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու մոտ (Գանձակեցի 1961, 322): Սկսած 13-րդ դարից՝ ամրոցը պատկանում էր Դոփյան իշխանական տանը:

Ամրոցի պարիսպները համապատասխանեցված են տեղանքի ռելիեֆին և հատակագծում ունեն անկանոն ուղղանկյան տեսք։

Արևելյան կողմում պարիսպներով առանձնանում է փոքր չափերի (19×16,5 մետր) միջնաբերդը: Պարիսպներն ուղղանկյան գագաթներում և կողային հատվածներում ամրացված են կիսաշրջան աշտարակներով: Պարիսպների ներկա առավելագույն բարձրությունը մինչև 8 մետր է, պարսպապատերի միջին հաստությունը՝ 1,60 մետր: Ամբողջ համալիրը շարված է անմշակ տեղական քարերով, կրաշաղախով։

Պարիսպների շարվածքում դիտելի են շինարարական երկու փուլեր. ստորին մասերի ավելի կանոնավոր կոպտատաշ քարերով շարվածք, ինչը տիպական է 9-10-րդ դարերի Բագրատունյաց պաշտպանական կառույցներին և վերին հատվածների ավելի փոքր և անկանոն քարերով շարվածք` արտաքինից հոծ սվաղապատ հատվածներով, ինչը բնորոշ է 12-13-րդ դարերին: Բերդի տարածքում կան 6 վիմափոր հորեր, ուղղանկյուն հատակագծով մեկ կառույցի ավերակներ: Ամրոցը հարավային կողմից ունի «կեղծ դարպաս»:

Բերդ տանող միակ ուղին ձգվում է հարավ-արևմտյան կողմի պարսպապատի տակով և ժայռակերտ նեղ արահետներով բերդի գլխավոր դարպասին է մոտենում հյուսիսային կողմից: Հանդաբերդի վանքն իր շրջապատում ուներ դիտակետ-պահակակետեր: Դրանցից մեկի և բերդի միջև հեռավորությունն ուղիղ գծով 2.4 կմ է: Դիտակետը հատակագծում ուղղանկյուն է, կառուցված անմշակ քարերով և կրաշաղախով (Կարապետյան 1999, 24-28):

Գտչավանք վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ: Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում, թավուտ անտառների մեջ, դեռ շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը:

Պատմական ակնարկ
Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը դեռևս վաղնջական ժամանակներից եղել է քաղաքական և հոգևոր կենտրոն, հիշատակվում է նաև որպես եպիսկոպոսանիստ: Վանքը սկզբում գտնվել է Առանշահիկների իշխանության ներքո, ապա 8-րդ դարից ի վեր անցել է նրա Դիզակի ճյուղի հովանավորության ներքո:
Տեղի միջնադարյան պատմության մասին արժեքավոր տվյալներ են հաղորդում վանքի շենքերի վրա փորագրված վիմափոր արձանագրությունները, որոնք պատկանում են 13-17-րդ դարերին:
Ներկայիս վանքի տեղում եղել է հնագույն ժամանակներում կառուցված վանք, որն ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում: Այս փաստը հաստատում են նաև տեղում պահպանված իրեղեն նյութերը: Հին շենքերի հիմքերի վրա կառուցել են Գտչավանքի գլխավոր եկեղեցին:

Այն կառուցել են Ամարասից այստեղ տեղափոխված երկու եպիսկոպոսներ՝ Տեր Սարգիս և Տեր Վրդանես եղբայրները: Այս մասին մատնանշում է ներկայիս եկեղեցու հյուսիսային պատի վրայի ընդարձակ արձանագրությունը: Նույն արձանագրությունը պատմում է նաև ժամանկի սոսկալի իրադարձությունների մասին, որի ժամանակ կործանվում է Ամարասը: Եվ վերոհիշյալ երկու եպիսկոպոսները այստեղ հավաքում են Ամարասի միաբանության մնացորդները:
Գրչավանքի հուշարձանն իր արվեստով, բարձր ճարտարպետական առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարպետության նշանավոր կոթողներից մեկն է: 19-րդ դարում Լեոյի «Իմ հիշատակարանում» վանքի ճարտարապետությունը բնութագրվում է որպես Բագրատունյաց ոճի կնիքը կրող:
Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում հանդիսանում էր Եսայի Ապու-Մուսեի նստավայրը, իսկ 10-րդ դարում Դիզակում հիմնված նոր թագավորության թագավորանիստ կենտրոնն էր։

Գրականության մեջ բացի վերոհիշյալ անուններից, կոչվել է նաև Թիլնա վանք. բաղկացած է մի գմբեթավոր եկեղեցուց և գավթից. երկու շենքերն էլ կառուցված են սրբատաշ քարերով և արվեստավոր վարպետի ձեռքով:
Համալիրի զարդն է կազմում վանքի գլխավոր եկեղեցին: Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, իսկ ներքուստ խաչաձև հատակագծով կառույց: Եկեղեցու ճարտարապետությունը թե դրսից և թե ներսից պարզ է, ծանրաբեռնված չէ դեկորատիվ զարդաքանդակներով: Եկեղեցին ունի գավիթ: Կիսամշակ բազալտից ու կրաքարից կառուցված թաղածածկ գավիթ-ժամատունը բազմության համար հավաքատեղի լինելուց բացի, ծառայել է նաև որպես իշխանական դամբարան:
Գավթին ու գլխավոր եկեղեցուն հյուսիսային կողմից կից է միանավ, թաղածածկ, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին: Այս եկեղեցին իր հարավային մուտքով կապված է գավթի հետ: Այսպիսով վանքի երկու եկեղեցիներն ունեն մեկ ընդհանուր գավիթ:

Աղբյուրներ `

Հանդաբերդ

ԳՏՉԱՎԱՆՔ

Leave a comment