Անվտանգ աշխատանքի պայմանների սահմանում և դրույթները ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի

Ստորև ներկայացված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գլուխները և կետերը որոնք այս կամ այն կերպ վերաբերվում են աշխատանքի անվտանգության ապահովմանը, աշխատողի առողջության ապահովմանը աշխատավայրում

ԳԼՈՒԽ 23.
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ



Հոդված 242.
Աշխատողների անվտանգության ապահովումը և առողջության պահպանությունը ↩



Աշխատողների անվտանգության ապահովումը և առողջության պահպանությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պաշտպանության համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ: ↩

(242-րդ հոդ. փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)



Հոդված 243. Աշխատողների անվտանգ աշխատանքի իրավունքը


1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

2. Աշխատողների անվտանգությունը և առողջության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության կամ աշխատանքի վտանգավորության աստիճանը` գործատուն ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:↩ ↩

3. Աշխատանքի պայմանների դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

(243-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

Հոդված 244. Աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը


Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են`

1) մեխանիզմների, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը.

2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովելը.

3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը.

4) արտադրությունն ապահովելը էլեկտրաէներգիայով, գազով և էներգիայի այլ տեսակներով.

5) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ).

5.1) հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ տրամադրելը.

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:

(244-րդ հոդ. փոփ. 14.07.22 ՀՕ-296-Ն օրենք)

Հոդված 245. Աշխատավայրի կահավորումը


1. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի մատչելիության ապահովումը (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելը) երաշխավորվում է օրենքներով: ↩

2. Նոր և վերակառուցված օբյեկտները (համալիրները, ձեռնարկությունները, գործարանները, արտադրամասերը և այլն) շահագործման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(245-րդ հոդ. փոփ. 14.07.22 ՀՕ-296-Ն օրենք)

Հոդված 246. Աշխատանքի միջոցները


1. Աշխատանքում թույլատրվում է օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

2. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության նվազագույն պահանջները աշխատանքի միջոցների նկատմամբ սահմանվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտերով:

3. Անվտանգության ապահովման և առողջության պահպանության պարտադիր պահանջները աշխատանքի տարբեր միջոցների արտադրության նկատմամբ և դրանց համապատասխանելիության գնահատման ընթացակարգերը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով (ստանդարտներով) և այլ նորմատիվ իրավական ակտերով: ↩

4. Աշխատանքի որոշակի միջոցի օգտագործման վերաբերյալ անվտանգության ապահովման պահանջները սահմանվում են աշխատանքի միջոցի ուղեկցող փաստաթղթերով: Այդ փաստաթղթերը պարտավոր է տրամադրել աշխատանքի միջոցներ արտադրողը տրամադրվող միջոցների հետ միաժամանակ:

5. Սարքավորումների անվտանգ շահագործման նկատմամբ պարտադիր մշտական հսկողությունն իրականացնում է գործատուն, եթե այդ սարքավորումների օգտագործման (շահագործման) մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ:↩

(246-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

Հոդված 247. Պաշտպանությունը վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությունից


1. Այն գործատուների մոտ, որտեղ արտադրական գործընթացի ժամանակ օգտագործվում, արտադրվում, տեղափոխվում կամ պահպանվում են մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր, գործատուներն աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար սահմանում և ձեռնարկում են համապատասխան միջոցներ: ↩

2. Վտանգավոր քիմիական նյութերի փաթեթավորումը ենթակա է պիտակավորման` վնասակարության կամ վտանգավորության մասին նախազգուշացնող նշանով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողները պետք է անցնեն վտանգավոր որոշակի քիմիական նյութերի հետ անվտանգ վարվելու ուսուցում և հրահանգավորում: Աշխատավայրերում պետք է տեղադրված լինեն կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, վտանգավոր քիմիական նյութերի քանակի հաշվառման համար հատուկ համակարգեր, աշխատողներին վտանգի մասին նախազգուշացնող համակարգեր: Աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով: ↩

(247-րդ հոդ. փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

Հոդված 248. Աշխատանքի անվտանգ կատարման կազմակերպումը


1. Աշխատանքը պետք է կազմակերպվի աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)↩

3. Գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր, եթե գործատուի կողմից իրականացվող գործունեության տվյալ ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են աշխատողների անվտանգության ապահովմանը և առողջության պահպանությանը ներկայացվող պահանջներ: ↩

4. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոնների, հրահանգների պահանջները չպահպանելը համարվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների խախտում:

(248-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

Հոդված 249. Պարտադիր բժշկական զննությունը


1. Մինչև տասնութ տարեկան անձինք աշխատանքի ընդունվելիս պարտավոր են անցնել պարտադիր նախնական բժշկական զննություն: Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են ենթարկվել պարբերական բժշկական զննության` յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ: ↩

2. Այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելըանցնել նախնական, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերական բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: Այն աշխատողները, որոնց մասնագիտական ռիսկը պայմանավորված է աշխատանքի ընթացքում վտանգավոր նյութերի օգտագործման հետ, ենթակա են պարբերական բժշկական զննության նաև նույն կազմակերպությունում աշխատատեղը կամ աշխատանքը փոխելու դեպքում:↩ ↩

3. Բնակչության առողջության պահպանության նպատակով պարբերական բժշկական զննություն պետք է անցնեն սննդարդյունաբերության, առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական և այլ կազմակերպությունների աշխատողները:

4. Գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: ↩

5. Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ:

6. Պարբերական բժշկական զննությունը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին: Բժշկական զննության արդյունքները գրանցվում են աշխատողի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկում:↩ ↩

7. Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, սանիտարական գրքույկի ձևը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:↩ ↩

(249-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

Հոդված 250. Աշխատանքի ժամանակավորապես դադարեցումը


1. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է, եթե`

1) աշխատողը չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին.

2) առաջացել է աշխատանքի միջոցի անսարքություն կամ վթարային վիճակ.

3) աշխատանքը կատարվում է սահմանված տեխնոլոգիական կանոնակարգի խախտումներով.

4) աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով.

5) աշխատավայրը վտանգավոր կամ վնասակար է կյանքի և առողջության համար:

2. Աշխատավայրում վտանգ առաջանալու կամ աշխատողների աշխատանքային գործառույթների կատարման այլ վայրում վտանգի առաջացման մասին տեղեկություն ստանալու դեպքում գործատուն պարտավոր է` ↩

1) բոլոր աշխատողներին և այն անձանց, որոնց կարող է վտանգ սպառնալ, հնարավորինս արագ տեղեկացնել սպառնացող վտանգի, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման համար ձեռնարկվելիք միջոցառումների և աշխատողների կողմից կատարվելիք գործողությունների մասին.

2) ձեռնարկել միջոցներ աշխատանքների դադարեցման համար և հրահանգել աշխատողներին` լքելու աշխատանքային տարածքը և տեղափոխվելու անվտանգ վայր.

3) կազմակերպել տուժողներին առաջին բուժօգնության տրամադրումը և աշխատողների տեղահանումը.

4) հնարավորինս արագ տեղեկացնել համապատասխան ներքին և արտաքին ծառայություններին ու մարմիններին` վտանգի և տուժած աշխատողների մասին.

5) մինչև մասնագիտացված ծառայությունների ժամանումը վտանգի վերացման համար ներգրավել գործատուի անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայության, ինչպես նաև համապատասխան ուսուցում անցած աշխատողներին: ↩

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, եթե գործատուն միջոցներ չի ձեռնարկում աշխատողներին հնարավոր վտանգից պաշտպանելու համար, ապա աշխատանքի դադարեցման պահանջով իրավունք ունեն հանդես գալու գործատուի անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայությունը, ինչպես նաև աշխատողների ներկայացուցիչները: Եթե գործատուն հրաժարվում է կատարել անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայության կամ աշխատողների ներկայացուցիչների պահանջը, ապա վերջիններս այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնին: Տեսչական մարմնի ղեկավարը աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի գնահատումից հետո կարող է որոշում ընդունել` պարտավորեցնելով գործատուին դադարեցնել աշխատանքը: Եթե գործատուն հրաժարվում է կատարել տեսչական մարմնի ղեկավարի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի դիմելու ոստիկանություն` աշխատանքի դադարեցման պահանջի կատարման և վտանգավոր աշխատատեղերից աշխատողների տեղահանման համար:↩ ↩

4. Աշխատանքի միջոցների անսարքության կամ վթարային վիճակի առաջացման մասին աշխատողները պարտավոր են անմիջապես տեղեկացնել գործատուին:

5. Բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ գործատուների, յուրաքանչյուր գործատու պարտավոր է ունենալ աշխատողների տեղահանման պլան, որը պետք է կազմվի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելով: ↩ ↩

6. Այն գործատուները, որոնք արտադրում կամ օգտագործում կամ պահպանում են վտանգավոր նյութեր, պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ հնարավոր վթարի մասին նախազգուշացնելու և հետևանքները վերացնելու համար գործողությունների պլաններ:↩ ↩

7. Աշխատողների տեղահանման պլանները պետք է փակցվեն աշխատողների համար տեսանելի տեղերում: Գործատուի անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայությունն ու արհեստակցական միությունը պարտավոր են տեղեկացված լինել տեղահանման և վթարների նախազգուշացման ու վերացման պլաններին: ↩

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվելիս պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը:

9. Եթե բնական պայմանները խոչընդոտում են աշխատանքների անվտանգ իրականացմանը, ապա աշխատանքները պետք է դադարեցվեն: Վտանգի առաջացման դեպքում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերը կանխելու համար գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողներին փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի: ↩

(250-րդ հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-75-Ն, 24.06.10 ՀՕ-117-Ն, 17.12.14 ՀՕ-256-Ն, 21.03.18 ՀՕ-172-Ն, 04.12.19 ՀՕ-265-Ն, 14.07.22 ՀՕ-296-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

Հոդված 251.
Գործատուի սանիտարահիգիենիկ սենյակները ↩



1. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգին համապատասխան` հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար գործատուի մոտ կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:↩ ↩

2. Այն գործատուի մոտ, որտեղ օգտագործվում են վտանգավոր նյութեր, սանիտարական և անձնական հիգիենայի սենյակները կահավորվում են նման սենյակների կահավորման համար հատուկ պահանջների պահպանմամբ: Սանիտարական և անձնական հիգիենայի սենյակների կահավորման պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով` հաշվի առնելով աշխատանքի բնույթը, օգտագործվող նյութերը, աշխատողների քանակը: ↩

3. Գործատուի բուժկետերը, սնվելու համար սենյակները կահավորվում են այդպիսի սենյակների կահավորման պահանջներին համապատասխան` հաշվի առնելով աշխատողների քանակը: ↩

(251-րդ հոդվածը փոփ. 20.11.14 ՀՕ-178-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

Հոդված 256. Աշխատողների բուժօգնության կազմակերպումը


1. Աշխատավայրում դժբախտ պատահարների կամ սուր հիվանդությունների առաջացման դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բժշկական օգնությամբ:

2. Աշխատանքի վայրում կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն իր միջոցների հաշվին կազմակերպում է գործատուն: ↩

(256-րդ հոդ. փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)



Հոդված 257.
Մինչև տասնութ տարեկան անձանց համար արգելված աշխատանքները ↩



1. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնկագրություն, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առևտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաև մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրանց գովազդելուն ուղղված աշխատանքներում:

2. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում: Մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(257-րդ հոդ. խմբ. 03.05.23 ՀՕ-160-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

ԳԼՈՒԽ 18

Հոդված 161. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը


1. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`↩

1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին.

2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(161-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

ԳԼՈՒԽ 20

Հոդված 204. Առողջության ստուգման համար երաշխիքները


Այն աշխատողին, որի առողջության ստուգումը, իր աշխատանքի բնույթով պայմանավորված, պարտադիր է, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարվում է միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը:

Leave a comment