Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։
5-րդ դարի առաջին կեսին աստվածաշնչի թարգմանության միջոցով են ընդհանրանում քանոնատիպ գործիք նշանակող ուրիշ անուններ ևս։ Ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության, գործիքային անսամբլների, գործիքային նվագի բարձրարվեստ կատարման մանրամասն նկարագրությունները մեզ են հասել՝ պատմիչների, մատենագիրների, ազգագրագետների միջոցով։ Հիշատակումները պատկանում են՝ Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Հովհաննես Երզնկացուն, Առաքել Սյունեցուն, Հակոբ Ղրիմեցուն, Նարեկացուն։ Աշխարհիկ ժանրում մեծ տարածում են գտել լարային գործիքների տարատեսակները։ Գործիքային անսամբլները, ըստ պատմիչներ՝ Խորենացու և Բուզանդի տարածում են ստացել քաղաքային կենցաղում, արքունիքում և դղյակներում։ Լարայիններից տարածված են եղել՝ քնար, տավիղ, ջնար և այլն։ Քնար հավաքական անվան ներքո են հասկացվել՝ լիրան, սազը, թամբուրը, ուդը և նմանատիպ նվագարանները։
Հեթանոս Հայաստանում տարբեր կրոնածիսական արարողությունները և այլ տոնախմբությունները ուղեկցվել են բազմաբնույթ երաժշտությամբ։ Պատմիչները հիշատակում են քնարահարներից կազմված անսամբլների մասին, որոնց մասնակցությունը պարտադիր էր արքունական խնջույքներին։ Խորենացին «Հայոց պատմության» մի շարք հատվածներում նշում է ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության մեջ տեղ գտած քնարի նվագակցությամբ կատարվող երգեր, որոնք ստացել են «քնարական քերդ» անվանումը։
10-15-րդ դարերում Հովհաննես Երզնկացին հիշատակում է չորեքաղյան քնարի գոյության, իսկ Առաքել Սյունեցին՝ ութլարանի քնարի մասին։ Հակոբ Ղրիմեցին տալիս է գործիքային նվագի բարձրարվեստ կատարման մանրամասն նկարագրությունը և հիշատակում՝ սանդիր, ղանոն, ստղանոն բազմալար գործիքները[1]։ Բազմալար անկոթ գործիքներից նշում է տասնաղի քնարը և քառասուն լարանի սանդիրը, որը սանթուրն է, յոթանասուն լարանի ղանոնը, որը քանոնն է։ Նկարագրում է լարման պրոցեսը, ինչպես է քնարը ոտքերին դրվում և գործիքը ինչ փայտից է պատրաստվում։ Հայկազյան «Բառ» գրքի հեղինակները նույնպես անդրադարձել են կսմիթահար և անկոթ նվագարաններին քնարի դիմաց գրելով՝ ջնար, սաղմոսարան, կիթառ, տավիղ, փամբիռ, բարբութ։ Ըստ Բուզանդի հաղորդման, Պապ թագավորի սպանության օրը ելույթ է ունեցել գուսանների մի ամբողջ անսամբլ, որոնք իրենց նվագն են մատուցել արքային։ Նրանց կազմում ընդգրկված են եղել՝ սրնգահարներ, թմբկահարներ, քնարահարներ, փողահարներ յուրաքանչյուրն իր արվեստով պես-պես։
Քնարահարք ասելով, Բուզանդը նկատի է ունեցել միևնույն ընտանիքին պատկանող, մի քանի գործիքներ նվագող երաժիշտների։ Քանոնատիպ գործիքների մեջ ընդհանրացված են սաղմոսարանը և տասնաղի սաղմոսարանը։ Աստվածաշնչում գրված է քնարով տիրոջը գոհացնելու, տասթելավոր սաղմոսարանով սաղմոս երգելու մասին։ Մեր մանրանկարիչները ևս պատկերել են սաղմոսարանը Դավիթ մարգարեի ծնկներին, թե ինչպես է Դավիթը քնարը վերցրել ու նվագել իր ձեռքով։ Սաղմոսարան նվագարանը հիշատակվել է Նարեկացու տաղերից մեկում։ Տաղում պատկերված են քնարն ու սաղմոսարանը, որտեղ երգվել է Քրիստոսի հարության մասին։ Մատենադարանում է պահպանվում 1704 թվականին Կեսարիայում գրված սաղմոսագիրքը, որի արծաթյա կազմին պատկերված է քանոնատիպ նվագարան։
15-16-րդ դարերի հայկական տապանաքարերի վրա հանդիպում ենք հնագույն նվագարարանների քանդակների, որոնք խորհրդանշել են անսահման սերն ու հարգանքը ժողովրդական նվագարանների և վարպետ կատարողների հանդեպ։ Մարտունու շրջանի Գեղահովիտ և Սիսիանի Անգեղակոթ գյուղերի միջնադարյան գերեզմանոցներում հայտնաբերված են տապանաքարեր պատկերված՝ սազ, քամանչա, քանոն և այլ նվագարաններով։

Ծովինար Հովհաննիսյան
Ծովինար Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում։ 1976-1981 թվականներին սովորել է Գյումրիի Շերամի անվան #5 երաժշտական դպրոցում, (դասատուներ՝ Լաուրա Մելիքյան (քանոն) , Անահիտ Հովհաննիսյան (դաշնամուր)), 1981-1985 թվականներին՝ Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (դասախոսներ՝ Ռուզաննա Գևորգյան (քանոն), Նինա Օսևսկայա (դաշնամուր), Ազատ Շիշյան (կոմպոզիցիա) ), 1985-1990 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (դասախոսներ՝ պրոֆեսոր Ալվարդ Միրզոյան (քանոն) , պրոֆեսոր Կարինե Աթանեսյան (դիրիժորություն))։
Մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոների՝ իր վրա սևեռելով մասնագետների և երաժշտասերների ուշադրությունը։ Ուսումնարանական տարիներից սկսել է աշխատել Գյումրիի տարբեր անսամբլներում։ Սկզբում Տեքստիլագործների պալատի ժողնվագարանների ինքնագործ անսամբլում, ապա, երբ ձևավորվում է Գյումրիի ժողնվագարանների պետական նվագախումբը (ղեկավար՝ Ջիվան Խաչատրյան), Հովհաննիսյանը դառնում է նվագախմբի առաջատար քանոնահարուհին։ Նրա կոմպոզիցիայի դասատուն է եղել Ազատ Շիշյանը։
Պետական հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի խորհրդով Հովհաննիսյանը ուսումը շարունակում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Ալվարդ Միրզոյանի դասարան), միևնույն ժամանակ ուսանում է նաև դիրիժորական բաժնում՝ պրոֆեսոր Կարինե Աթանեսյանի մոտ։ Դեռ ուսանողական տարիներից Հովհաննիսյանը ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, համերգներով հանդես է գալիս մայրաքաղաքի տարբեր բեմահարթակներում և Հայաստանի շրջաններում, այդ թվում նաև Գյումրիի իր հարազատ երաժշտական դպրոցում, տարբեր զորամասերում։ 1987 թ. կայացած «Սայաթ Նովա» առաջին հանրապետական մրցույթում արժանացել է հաղթողի պատվավոր կոչման՝ կատարելով Գրիգոր Հախինյանի քանոնի կոնցերտը։ Այս հաղթանակը լայն ճանաչում բերեց երիտասարդ երաժշտին՝ հաստատելով նրան հայ լավագույն քանոնահարների շարքում։
1990-1993 թթ. ասպիրանտուրան սովորում է պրոֆեսոր Խաշատուր Ավետիսյանի դասարանում։ Այդ տարիներից առավել ակտիվանում է նրա համերգային գործունեությունը։
հեռուստահաղորդումներ։ 2005 թ. Ամերիկահայ մշակութային ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված համերգներից հետո ԱՄՆ-ում թողարկվեց «Կարոտի կանչ 8» ձայնասկավառակը՝ «Ծովինար և Լիանա»։ Պատրաստվում են նաև բազմաթիվ նոր համերգային ծրագրեր։ Իր հագեցած համերգային գործունեությունը Հովհաննիսյանը համատեղում է մանկավարժական գործունեության հետ՝ 1990 թ. դասավանդելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Միևնույն ժամանակ շարունակվում է նաև նրա ստեղծագործական աշխատանքը։
Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին Հովհաննիսյանն իր փոխադրումները, մշակումներն ու սեփական ստեղծագործությունները ներկայացրել է խոշորագույն հայ երաժշտագետ, կոմիտասագետ պրոֆեսոր Ռոբերտ Աթայանին, որը հավանություն և արժեքավոր խորհուրդներ է տվել երիտասարդ երաժշտին։ Հովհաննիսյանի գլխավոր խորհրդատուն և խստապահանջ քննադատը կոմպոզիտոր, պրոֆեսոր Յուրի Գալստյանն է։
