Ամանորյա մտորումներ

Ահա արդեն հաշված օրերից վերջանում է ևս մեկ տարի,կամ ավելի ճիշտ մեկ տասնամյակ իր հետ տանելով անհաշիվ հիշողություններ։ Եթե սկսեմ հերթով հիշել, թե ինչ տվեց և ինչ տարավ ինձնից այս տասնամյակը, գուցե չվերջացնեմ գրել։

Երևի գլխավոր իրադարձությունը իմ դպրոցը ավարտելն էր։ 2010 թվականին գլխիցս մեծ բանտիկներվ մտա դպրոց։ Դպրոց, որը իրոք դարձավ երկրորրդ տուն, քանի որ գտա ընկերներ, որոնք դարձան այնքան հարազատ։ 9 տարի հետո ավարտեցի նույն այդ դպրոցը, այնտեղ թողելով կյանքիս պատմության մի անսկիզբ ու անավարտ գլուխ, և նոր էջ բացեցի արդեն կրթահամալիրում։

Կրթահամալիրը դարձավ շրջադարձ իմ կյանքում, այնքան բան հասկացա, գտա այստեղ սովորելու ընթացքում։ Չեմ կարող չնշել ընկերներիս, որոնց հետ ծանոթացա այստեղ, նրանք կարճ ժամանակում դարձան մտերիմ, հարազատ։ Նախքան դասերի սկսվելը անկեղծ մտածում էի, որ չեմ կարող ունենալ այնպիսի ընկերներ, որոնք կփոխարինեն հին ընկերներիս, բայց արի ու տես, որ կարողացա։ Սա ճակատագրի շռայլ նվերն էր ինձ համար։

Վստահորեն համարում եմ, որ 2019-ը կյանքիս ամենաերջանիկ, ամենահաջողակ տարին է, չնայած կորուստների, որ ունեցա։ 2019-ը լիովին փոխեց ինձ, դարձա նոր մարդ, ավելի հասուն, սովորեցի գնահատել պահը, երջանկանալ մանրուքներով, ուրախություն պարգևել ուրիշներին։

Այնքան շատ բան կա ասելու, բայց այնքան քիչ ու անզոր են բառերը ներսումս եղածը պատմելու համար։ Տարիս ավարտում եմ երջանիկ, ուրախ և հույս ունեմ, որ հաջորդ տարին էլ ավելի լավը կլինի։ Ուզում եմ հաջորդ տարում անել այն բոլոր քայլերը, որոնց համար համարձակությունս չհերիքեց, ուզում եմ 2020-ը դառնա միայն ձեռքբերումների տարի։ Ամենից առավել ցանկանում եմ, որ 2020-ին մկնիկը իր հետ բերի խաղաղություն, սեր ու ջերմություն ամբողջ աշխարհին։

Leave a comment