Աղջոց վանք
Աղջոց վանքը կամ այլ կերպ Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը գտնվում է ՀՀ Արարատի մարզում ՝ Գեղարդավանքից 7կմ հարավ֊արևելք։ Ըստ ավանդության IV դ. սկզբին այն հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ ոպես կուսանց վանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այդ վայրում ապաստանած Ստեփանոս քահանայի վախճանի վայրում։
Աղջոց վանքի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հյուսիս գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից: Գլխավոր Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը 1212–17-ին, իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ:
Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից): Արմ. կողմից կից է վանքի գավիթը (1217–34), որի ծածկն իրականացված է եղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արլ. մասի պատերը): Ս.Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270-ին կառուցած Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին խորանի երկու կողմերում ավանդատներով և հվ. պատին կից սենյակներով:
XIII դ. Աղջոց վանքը որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ: Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք): Աղջոց վանքում են պահվել ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը: XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Աղջոց վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել Աղջոց վանքին (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում): 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է նաև Աղջոց վանքը, բայց նորոգվել է ու գործել մինչև XVIII դ. կեսը մինչև լեզգիների վերջին ասպատակությունը, որից հետո լքվել է ու ամայացել:
Աղջոց վանքում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ: Ս. Ստեփանոս եկեղեցու արմ. մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ Դատաստանից. վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում, երկու շարքով ընտրյալները: Հվ. պատին քանդակված է կանգնած Դանիելը առյուծների գբում, ներքևում պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները բուսական, երկրաչափական մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով: Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արմ. մուտքի երկու կողմերում Պետրոս և Պողոս առաքյալների մարդու բնական մեծությամբ հարթաքանդակներն են: Մուտքից աջ երկարամազ և մորուքով Պետրոսն է աջ ձեռքը բարձրացրած, ձախում բանալիներ, իսկ ձախ կողմում Պողոսը, մորուքով և նույնպես երկարամազ, առանց ավանդական ճաղատի (Պողոսի նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկական մանրանկարչության մեջ): Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից (քանդակը ճարտարապետական ձևն ընդգծող տարրն է) և նոր մոտեցման` պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են:
Հավուց թառ
Հավուց թառի վանքը միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր
Միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային նշանավոր կենտրններից մեկը Հավուց թառի վանքն է: Այն գտնվում է Գառնի գյուղից արևելք Ազատ գետի բարձրադիր ձախ ափին, Գողթ գյուղի դիմաց: Համալիրը բաղկացած է իրարից 100, 200 և անգամ 500 մետր հեռու գտնվող երկու հիմնական և հարակից հուշարձանախմբերից:
Հավուց թառի համալիրի գլխավոր եկեղեցիների անունները թեև հայտնի են մատենագիտական աղբյուրներից, սակայն բուն հուշարձանախմբում դրանց տեղը դեռևս հստակ որոշված չէ: Առաջին հուշարձանախումբը գլխավորը պարիսպներով շրջափակված հատվածն է, որի ներսում մի քանի շինություններ կան: 1679 թ. երկրաշարժից այս հատվածը շատ է տուժել, և կաթողիկոս Աստվածատուր Համադանեցին /1715-1725/ նախաձեռնել է ավերված հին եկեղեցու և գավթի քարերով նույն տեղում մի նոր եկեղեցի կառուցել /1721/: Հնագույն եկեղեցու ավերակներն անհետացել են գետնի երեսից, իսկ այն, ինչ մնացել է, ժամանակի ընթացքում ծածկվել է հողի շերտով: Պահպանվել է միայն Քեղվա բերդի Գևորգ իշխանի կառուցած Կաթողիկեի հարավային պատը, որքանով դա պատակից է մեկ այլ կառույցի: Կարելի է եզրակացնել, որ Կաթողիկե եկեղեցու հիմքերը գտնվում են ժամատան արևելյան կողմում: Գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառույցի շինարարությունը չի ավարտվել: Այս եկեղեցու հարավային կողմում նախկին քառամույթ ժամատան մի հատվածն է
մեկ զույգ մույթերով: Սրանից հյուսիսարևելք մի փոքր պատակից կառույց կա, որի նշանակությունն անորոշ է /ենթադրաբար համարել են դամբարան կամ զանգակատուն/: Իսկ պարիսպներին կից, հարավարևելքում կառուցված է ընդարձակ սեղանատուն, հյուսիսարևելքում վանական խցեր: >Երկրորդ հուշարձանախումբը գլխավոր համալիրի արևմտյան կողմում է, բլրի վրա, կենտրոնում ունի 13-րդ դարի սկզբներով թվագրվող եկեղեցի, որի անունը հայտնի չէ, և գրականության մեջ սովորաբար կոչվում է «Բլրի եկեղեցի»: Նա ներքուստ խաչաձև, անկյուններում ավանդատներով գմբեթավոր շինություն է, պատերը
բազմագույն քարերով: Եկեղեցուն հարավից պատակից են երկու թաղածածկ մատուռներ: Շուրջը խաչքարեր և գերեզմանաքարեր կան: