Տնտեսագիտություն. թեմա 7

ԲԱՆԿԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն:

Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա։  Սկզբնական շրջանում բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև։ Դրանով նրանք նպաստում են դրամաշրջանառության գործընթացի կազմակերպմանը, տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վարկային ռեսուրսներով ապահովմանը, ինչն էլ վերջին հաշվով անդրադառնում է տնտեսության արդյունավետության, և, հետևաբար, բնակչության կենսամակարդակի վրա ։

Բանկերը կարող են կատարել հետևյալ գործառնությունները`

  1. Ներգրավվել և տեղաբաշխել դրամական միջոցներ կամ ավանդներ,
  2. Ներգրավվել և տրամադրել առևտրային և սպառողական վարկեր,այդ թվում` տալ հիպոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,
  3. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի հանձնարարությամբ,
  4. Բացել և վարել հաճախորդների հաշիվները, այդ թվում այլ բանկերի թղթակցային հաշիվներ,
  5. Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ կատարողների հանձնարարությամբ,
  6. Թողարկել և գնել (սեփական միջոցների հաշվին), ինչպես նաև վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային, փաստաթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն),
  7. Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխիքներ և ստանձնել պարտավորություններ,
  8. Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումար (պահանջելու իրավունքով) և վերցնել այնպիսի պարտավորություն, ինչպիսիք է ինկասացիան,
  9. Գնել և վաճառել արտարժույթ, կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ,
  10. Հաճախորդի համաձայնությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, ինչպես նաև կառավարել արժեթղթեր,
  11. Մատուցել խորհրդատվական ծառայություններ,
  12. Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ,
  13. Գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ։

Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն (եթե օրենքով այլ բան սահմանված չէ)։

Հայաստանի Կենտրոնական բանկը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները.

  1. Օրենքով սահմանված կարգով դրամի էմիսիայի կարգավորումը և իրականացումը, ինչպես նաև դրամաշրջանառության կազմակերպումը,
  2. Դրամավարկային քաղաքականության իրականացումը,
  3. Միջբանկային հաշվարկների կազմակերպումը,
  4. Հանրապետության պետական պարտքի սպասարկումը,
  5. Հանրապետության արժութային քաղաքականության իրականացումը` արժույթային և արտարժույթային շրջանառության կազմակերպումն ինչպես նաև թանկարժեք քարերի և մետաղների պահուստների կառավարումը,
  6. Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելու, ինչպես նաև արտարժույթով բանկային գործառնությունների կատարելու համար արտոնագրեր տրամադրելը,
  7. Հանրապետության տարածքում գործող բանկերի այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բարեգործական, ապահովագրական, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ինվեստիցիոն ընկերությունների և համանման այլ կազմակերպությունների գործունեության հսկողությունը,
  8. Բանկային վիճակագրության կազմակերպումը,
  9. Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկման կազմակերպումը,
  10. Հայաստանի բանկերում գտնվող պարտադիր պահուստների չափի սահմանումը,
  11. Բաց շուկայի քաղաքականության իրականացումը։
  12. ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է ՀՀ բանկերի համար վերջին ատյանի վարկատուն։

Վարկ

Վարկ  կամ վարկային հարաբերություններ, տնտեսական կատեգորիա, փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրում՝ տոկոսի վճարման պայմանով։Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով:

Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները։ Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն գրավադրմամբ վարկեր։

Ըստ վարկավորման ժամկետի՝ վարկերը լինում են.

Կարճաժամկետ (1 տարի).
Միջին ժամկետային (1-5 տարի).
Երկարաժամկետ (6-10 տարի).
Հատուկ երկարաժամկետ (20-40 տարի).
Հատուկ ժամկետայնության տեսակ, որը տրվում է բանկերին, բրոքերներին, դիլերներին շտապ կարիքների համար։
ԸՍՏ ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹԻ

Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր։
Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն)։

Արժեթուղթ

Արժեթուղթ, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով։

Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։

Արժեթղթերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝

  • ըստ ժամկետայնության՝ ժամկետային (կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և հետ կանչվող) և անժամկետ,
  • ըստ դրսևորման ձևի՝ թղթային և ոչ թղթային,
  • ըստ հավաստվող իրավունքների պատկանելիության՝ անվանական, ըստ ներկայացնողի և օրդերային,
  • ըստ հավաստվող իրավունքների փոխանցման կարգի՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով փոխանցվող և փոխանցագրով փոխանցվող,
  • ըստ թողարկման ձևի՝ էմիսիոն և ոչ էմիսիոն,
  • ըստ թողարկողի տեսակի՝ պետական (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված) և ոչ պետական (ֆիզիկական և իրավանաբանան անձանց կողմից թողարկված),
  • ըստ տեղաբաշխման բնույթի՝ բաց տեղաբաշխմամբ և փակ տեղաբաշխմամբ,
  • ըստ շրջանառության ձևի՝ ազատ շրջանառությամբ և սահմանափակ շրջանառությամբ,
  • ըստ նշանակության՝ ներդրումային, վճարային, ածանցյալ և տիտղոսային,
  • ըստ ռիսկի աստիճանի՝ ռիսկային (ցածր, միջին և բարձր ռիսկային) և ոչ ռիսկային,
  • ըստ եկամտաբերության՝ եկամուտ բերող (տոկոսային, շահաբաժնային, դիսկոնտային) և առանց եկամտի։

Պարտատոմս

Պարտատոմս, պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։ Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական։

Պարտատոմսերի տեսակներ

Զեղչատոկոսային պարտատոմսեր — պարտատոմս, որի եկամուտը համարվում է զեղչված գումարը (առանց արժեկտրոնի պարտատոմսեր)։
Ֆիքսված արժեկտրոնով պարտատոմսեր — արժեկտրոնային պարտատոմս, որի եկամուտները վճարվում են ֆիքսված արժեկտրոնային տոկոսներով։ Արժեկտրոնների մասին տեղեկատվությունը տեղադրվում է պարտատոմսի ազդագրում։
Լողացող արժեկտրոնով պարտատոմսեր — արժեկտրոնային պարտատոմսեր լողացող արժեկտրոնով, որի մեծությունը համեմատական է ինչ որ մակրոէկոնոմիկական ցուցանիշին՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, միջբանկային վարկերի տոկոսներին (LIBOR-ին, EURIBOR, MOSPRIME և այլն)։

Փող

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա:

Դրամի և փոխանակման մեխանիզմի մեջ (1875 թվական) Ուիլյամ Սթենլի Ջևոնսը մեծապես վերլուծեց փողի չորս գործառույթները՝

  • փոխանակման միջոց
  • ընդհանուր արժեքի չափ (կամ հաշվի միավոր)
  • արժեքի ստանդարտ (կամ հետաձգված վճարման միջոց)
  • արժեքի պահպանում։

Իր գործառույթները կատարելու համար փողը պետք է որոշակի հատկություններ ունենա.

  • Փոխարինիչ. նրա առանձին միավորները պետք է ունակ լինեն փոխադարձ փոխարինելիության հատկությամբ։
  • Դիմադրություն. կարողանան դիմակայել կրկնակի օգտագործման։
  • Դյուրատարություն. հեշտությամբ իրացվեն և տեղափոխվեն։
  • Ճանաչելիություն. նրա արժեքը կարող է հեշտությամբ որոշվել։
  • Արժեքի կայունություն. Դրա արժեքը չպետք է տատանվի։

Դրամաշրջանառություն, կանխիկ փողի անընդմեջ շարժում՝ ապրանքների շրջանառության, ծառայությունների մատուցման և բազմատեսակ վճարումների պրոցեսում։ Այն սպասարկում է ապրանքների ու ծառայությունների իրացման գործընթացը, ինչպես նաև ապահովում է ֆինանսական շուկայի գործունեությունը։ Դա նշանակում է, որ առանց փողի և դրամաշրջանառության շուկայական տնտեսություն գոյություն ունենալ չի կարող։

Դրամաշրջանառությունը լինում է մետաղական, բանկնոտային և թղթադրամային։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s