Փողոցները նեղլիկ էին, ծուռումուռ, հարմարեցված մարդկանց, անասուններին անցնելու համար։ Դեպի փողոց նայող պատը, որպես կանոն, խուլ էր առանց պատուհանի։ Կուտակային տիպի թաղամասերում տներն առանց կառուցապատման կոնկրետ սկզբունքի , ստեղծվում էին միմյանց հարևանությամբ։ Թեք լանջերի վրա տները կառուցվում էին այնպես, որ մեկի տանիքը սովորաբար մյուսի համար բակ էր ծառայում, և այսպես ստացվում էր տների տարբեր շարքեր։ Դրանք ծառայում էին մի քանի նպատակների՝ տարածքի խնայողության և ռացիոնալ կազմակերպման համար։ Բացի դրանից լուծվում էր նաև պաշտպանական խնդիրներ, քանի որ բոլոր տները միմյանց հետ կապված էին պատուհաններով , ականջներով, որոնք թույլ էին տալիս և իրեր տեղափոխել , և նյութեր ու արտադրանք տեղափոխել, իսկ արտաքին վտանգի դեպքում հեռանալ առանց բակ կամ փողոց դուրս գալու։ Սասունում, Պոնտոսի որոշ շրջաններում լայն տարածում ուներ բնակավայրերի ագարակային տիպը, երբ տները գտնվում էին միմյանցից մեծ հեռավորության վրա։Նախալեռնային գոտում չնայած հիմնական միտումների պահպանմանը՝ կառուցապատման սկզբունքին որոշակիորեն փոխվում էին և ավելի հաճախակի էին հանդիպում կանոնավոր կամ լայն փողոցներ ։
Միաբաժին բնակելի համալիրի չափերը կախված ընտանիքի մեծությունից տարբեր էին։
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հիմնական շինարարարական հումքը քարն էր՝ կոպիտ և անտաշ, իսկ պատերին ամրություն հաղորդելու համար օգտագործում էին նաև շաղախ։
Գլխատան պատերը բավականին հաստ էին՝ 50-60 սմ, երբեմն նույնիսկ մինչև 1մ։
Պատերը, ելնելով ջեռուցման բարդությունից խուլ էին, այսինքն՝ առանց պատուհանների։ Գլխատունն ուներ 1 մուտք հարավային կամ արևելյան կողմում, իսկ այլ դեպքերում , երբ գլխատանը կից կային տնտեսական նշանակության շինություններ, դրանք կարող էին ունենալ կամ առանձին մուտք կամ մուտք գլխատնից։ Գլխատան ծածկը պահելու համար, ելնելով նաև վերջինիս չափերից պատերից որոշ հեռավորության վրա, երկու խոշոր գլխատներում, նաև 3 կամ ավելի շարքերով դրվում էին սյուներ կամ փայտե գլաններ։ Սրանց վրա իրենց հերթին դրվում էին ուղղաձիգ գլաններ, որոնք ծածկվում էին միմյանց զուգահեռ համեմատաբար ավելի փոքր հեռավորության վրա գտնվող տախտակներով, վրայից պատվում ծղոտով, հարդով կամ այլ նյութվ, ապա ծածկվում հողով և արվում էր որոշակի թեքություն ունեցող հարթ ծածկը։ Թեքությունները անձրւաջրերի հեռացման համար էին։ Ամեն տարի այս ծածկերը թարմացվում էին և ամրացվում և գարնան կամ աշնան ամիսներին հայկական գյուղերում կարելի էր տեսնել, թե ինչպես էին քայլում տանիքին, որպեսզի անցկացնեն հողը։ Գլխատան կենտրոնի հարավում գտնվում էր թոնիրը, որն օգտագործվում էր և՛ հաց թխելու, և՛ տունը ջեռուցելու, և՛ կերակուր պատրաստելու համար։