Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։
Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար 9-10-րդ դարերում, եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XI դդ., ճարտարապետ Խաչատուր)։

Պատմական այլ աղբյուրների վկայությամբ` սրբատաշ, խաչաձեւ, կամարակապ եւ անսյուն, 10 մետր երկարություն, ութ մետր լայնություն եւ ինը մետր բարձրություն ունեցող հոգեւոր այս կառույցը եւ հայ ճարտարպետության գլուխգործոցներից համարվող այս կոթողը կանգուն է մնացել մինչեւ 17-րդ դարի վերջերի աշխարհավեր երկրաշարժը, ինչի հետեւանքով փլվել են եկեղեցու գմբեթը եւ պատերի վերեւի մասերը: 1830 թվականից հետո այստեղ հաստատված հայ գաղթականները եկեղեցին ծածկել են գերաններով եւ օգտագործել որպես հավատի տուն:
Սուրբ Աստվածածինը, սակայն, նորից կիսավեր վիճակի վերադարձել է խորհրդային տարիներին: Իսկ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նորատուսցիները շարունակ մտածել են եկեղեցին իր նախկին շքեղ տեսքի մեջ վերականգնելու ուղղությամբ:
Եկեղեցու շինարարությունը սկսվեց 2010 թվականից, Հայկ Մաղաելյանի բարերարությամբ: Միջոցների սղության պատճառով այն ընդհատվեց որոշակի ժամանակահատվածում եւ վերսկսվեց Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ: Բացի եկեղեցու վերականգնումը, բարեկարգվեց նաեւ տարածքը, ստեղծվեց ժամանակակից ու գեղեցկատես պուրակ: