Իմ նախնիների մասին մնացել է շատ աղքատիկ, կցկտուր տեղեկություն, ինչքան էլ փորձեցի ավելին պարզել՝ չստացվեց։ Այդ իսկ պատճառով գրել եմ այն ինչ գտա, և ինքս շարադրել իմ ժամանակակիցների կյանքի կարևորագույն դեպքերը։
Իմ տոհմին ճանաչում են որպես Մովսեսի տոհմ։ Բազմանդամ տոհմ է, ընդգրկում է հարյուրից ավել տնտեսություն։
1830թ․ գարնանը Արևմտյան Հայաստանի Մոսուն գյուղից գաղթել են Մովսեսի որդիները՝ Բարսեղը, Ստեփանը, Դավիթը։
Մոսուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում: Գտնվում էր Խամա լեռան հարավարևմտյան փեշին, Դիադին քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք: 1829-1830 թվականներին հայ բնակչությունը գաղթել է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Նորատուս գյուղում: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր: Գյուղն ուներ մոտ 20 կրպակ ու արհեստանոց:
Մովսես պապի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Հավանաբար այդ ժամանակ նա եղել է միջին տարքի մարդ, քանի որ նրա փոքր որդուն ՝ Դավիթին, բերել են բարուրի մեջ։ Ինչ վախճան է ունեցել Մովսես պապը մեզ հայտնի չէ։ Բարսեղը և Ստեփանը եկել են Գառնի, որտեղ եղել է փախստականների տեղավորման հանձնաժողովը։ Բարսեղը հանդիպել է իր մոր՝ Գյուլգազի մոտիկ հարազատի՝ աղա Մաթոսին։ Վերջինս նրան խորհուրդ է տվել մեկնել Նորատուս գյուղ։
Բարսեղն ու Ստեփանը իրենց ընտանիքներով գալիս են և բնակություն հաստատում Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին։ Եվ այսպես, Մովսեսի տոհմը ապրում է այստեղ և բարգավաճում։
Բարսեղ -որդիներ՝ Գրիգոր, Սողոմոն, Օհան, Վարդան, Հենդո, Վանո և չորս դուստր։
Ստեփան- որդին՝ Անդո, երեք դուստրեր։
Դավիթ- որդիներ ՝ Սաղաթել, Սիմոն և երեք դուստրեր։
Տոհմը Նորատուս գյուղում համարվում է մեծությամբ երրորդը։ Բաղկացած է 103 տնտեսությունից, 575 շունչ։ Մարդիկ երկարակյաց են։ Ղազարը ապրել է 105 տարի, մյուսները 70-ից անց։ Տոհմի առաջին բարձրագույն կրթություն ստացածը Հովհաննես Ղազարի Օհանյանն է, որը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Այս տոհմից զինվորական ակադեմիա է ավարտել Արշամ Հայրիկի Սողոմոնյանը, որը ավտովթարի զոհ է դարձել։
Տոհմագիրքը շարունակում է Աբրահամ Երեմի Բարսեղյանը։ Ումից և սերում ենք մենք։

Ծնվել է 1912թ, սովորել է ծխական դպրոցում։Աշխատել է որպես պայտար, այնուհետև երկար տարիներ աշխատել է որպես Կոլտնտեսության գլխավոր գանձապահ։ 23 տարեկանում ամուսնացել է 13ամյա Վարդի հետ։ Ունեցել են 10 երեխա Նորա, Ռաֆիկ (Պապին), Հասմիկ, Էվելինա, Սոֆիկ, Անդրանիկ, Սիրան, Սուսան, Մովսես, Ալվարդ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 6 ամիս եղել է գերության մեջ։ Հրաշքով կարողացել է դուրս գալ գերությունից և վերադարձել է հայրենիք։ Մահացել է 87 տարեկան հասակում, թաղված է գյուղի գերեզմանոցում։
Ռաֆիկ
Ռաֆիկը պապիկիս անձնագրային անունն է, նրան բոլորը որպես Պապին են ճանաչում։ Սա տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ նա ծնվել է այն ժամանակ, երբ նրա հայրը՝ Աբրահամը, եղել է մարտի դաշտում, նրան անվանել են Ռաֆիկ, բայց երբ հայրը վերադարձել է անվանափոխել է Պապին՝ ի պատիվ իր ծառայակից ընկերոջ։

Պապս ծնվել է 1942 փետրվարի 16-ին։ Սովորել է միջնակարգ դպրոցում, այնուհետև ծառայության է անցել Մուրմանսկում 3 տարի ժամկետով։

1967թ ամուսնացել է 17 տարեկան Մանուշակի հետ։ Ունեցել են 4 զավակ՝ Մուշեղը, Անուշը, Երեմը, Հովհաննեսը։ 1967թ.ից աշխատել է ՌՓԲԸ֊ում որպես գլխավոր ինժեներ ։ Մահացել է 62 տարեկան հասակում։ Ցավոք սրտի ես չեմ հիշում նրան, քանի որ ընդամենը մեկ տարեկան եմ եղել, երբ նա մահացել է։ Սակայն մարդկանց պատմածից ելնելով վստահ եմ, որ նա եղել է ուղղակի հրաշալի անձնավորություն ՝ բարի, ազնիվ, մաքուր սրտով։
Մուշեղ
Ծնվել է 1970թ․ հունվարի 3-ին։ Հաճախել է գյուղի համար 3 միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո անցել է զինվորական ծառայության Աշխաբադում։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մեկնել է արտագնա աշխատանքի։ 1995թ ամուսնացել է 18-ամյա Լիաննայի հետ, ունեն երկու զավակ՝ Մեսրոպը և Վարդը։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Վոլգոգրադ և մինչև այժմ ապրում է այնտեղ ։
Երեմ
Ծնվել է 1972թ հոկտեմբերի 20-ին։ Միջնակրագ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ռադիոկապի տեխնիկումում, գերազանց ավարտել է այն։ Սկսել է աշխատել գյուղի ՌՓԲԸ֊ում։ 1998թ ամուսնացել է 19-ամյա Սրբուհու հետ։ Ունեն երեք զավակ ՝ Աբրահամը, Մերին և Մանուշակը։

Հովհաննես
Հայրս ծնվել է 1975թ մարտի 19-ին։ Սովորել է գյուղի համար 3 միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել ՌՓԲԸ-ում և աշխատել 28 տարի։ 25 տարեկանում ամուսնացել է Արմինեի՝ մորս հետ։ Ծնողներս ունեն 2 երեխա, եղբայրս՝ Րաֆֆին, և ես` Անին։
Անուշ
Ծնվել է 1971 թվականի մարտի 8-ին։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Երևանի Պետական Բժշկական ուսումնարանում։ Ամուսնացել է 19 տարեկանում Արթուրի հետ ունի 2 որդի՝ Վարդգեսը և Վահեն։ Նրանք այժմ ողջ ընտանիքով ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։

Իմ ընտանիքը իմ ուժն է, իմ մոտիվացիան։ Ես հպարտ եմ իմ ընտանիքով և անչափ շնորհակալ եմ Աստծուն ինձ նման հիասքանչ ընտանիք պարգևելու համար։ Այս աշխատանքը նվիրում եմ ընտանիքիս, որպես շնորհակալություն, որ նրանք կան, սա ամենաքիչն է, որ կարող եմ անել։
Իսկ մեր հարազատ գյուղի՝ Նորատուսի մասին ես ունեմ կատարած ծավալուն աշխատանք, որին կարող եք ծանոթանալ հղումով։