Ուրցն ամենատարածված դեղաբույսերից է, որը մարդիկ օգտագործում են նաև որպես համեմուն՝ ավելացնելով տարբեր ուտեստներին: Շատ օգտակար է նաև այս բույսի թուրմը, որը կիրառվում է ամենատարբեր խնդիրների դեպքում, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այս դեղաբույսը:
Ուրցով թեյը մասնագետները խորհուրդ են տալիս խմել տարբեր հիվանդությունների ու խանգարումների դեպքում: Այս թուրմն օգնում է բարելավել տեսողությունը և հիանալի միջոց է բորբոքումներից ազատվելու համար: Սա է պատճառը, որ այս թեյը խորհուրդ է տրվում խմել բերանի խոռոչի բորբոքումների և լնդերի ու ատամների հիվանդությունների դեպքում:
Ուրցի թուրմով կոմպրեսներն օգնում են մեղմել տհաճ զգացողությունները միջատների խայթածի դեպքում, ինչպես նաև ազատում են նստանյարդի հետ կապված խնդիրներից: Բացի այդ, այս կոմպրեսները շատ օգտակար կարող են լինել նաև մաշկային տարբեր խոցերի ու էկզեմաների դեպքում:
Այս դեղաբույսի թուրմն օգնում է նաև մեղմել գլխացավերն ու բարելավել հիշողությունը, իսկ իր խորխաբեր ազդեցության շնորհիվ այն համարվում է մրծածության ու սուր շնչառական վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը:
Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի հակամիկրոբային և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը:
Հայաստանում՝ 5 տեսակ՝
- Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
- Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
- Ուրց բլրակային (Thýmus collinus),
- Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
- Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։