Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։
Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-11-րդ, 12-14-րդ և 15-17-րդ դարեր։
Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո։
Ըստ ավանդության Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ խաչքարերերը մարդկանց կյանքեր են փրկել։ Երբ Լենկ Թեմուրի իր մեծաքանակ զորքով շարժվում էր դեպի Նորատուս, Վարազնունի իշխանները փորձեցին հնարամտորեն փրկվել դաժան պարտությունից, քանի որ նրանց ունեցած զորքը շատ ավելի քիչ էր։ Նրանք սպիտակ սավաններ են գցում խաչքարերի վրա և դրանք նմանվում են մարդու։ Երբ թշնամու զորքը արդեն մոտենում էր, նորատուսցիները կրակում են խաչքարերի հետևից, թշնամին կարծելով թե այդ ամբողջը զորք է խուճապահար փախչում է։
Սբ Աստվածածին եկեղեցի – Գտնվում է գյուղի կենտրոնում, կառուցվել է 9-րդ դարի վերջին` Գեղարքունիքի Սահակ իշխանի կողմից։ Եկեղեցու գմբեթավոր սրահը ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով. բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Ամենահին արձանագրությունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Եկեղեցին արերվել էր թշնամիների կողմից, սակայն կրկին վերակառուցվեց և այժմ գործում է։
Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, ուր կան նաև տապանաքարեր, խաչքարերի մի խումբ կա. այստեղ հավանաբար Ջուղայեցոնց ընտանեկան գերեզմանատունն է եղել. խաչքարերից մեկը թվագրված է 1553 թվականով։
Սբ Գրիգոր կամ Դոփուց վանք – Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու շինարվեստը վկայում են, որ շենքը կառուցվել է դեռ 10-րդ դ.-ից առաջ։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է Հերակղ (Հերակլ) Հավնունի իշխանի արձանագրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։
Մատուռ(Շոռ գյոլ) – Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող բարձունքի վրա։ Վկայարանը փոքրիկ, 6 քմ մակերեսով միանավ սրահ է ՝ շարված խնամքով։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։