Բուժական

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման: Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի կապույտ հեռաստանը` հորիզոնը փակող Մասիսների սպիտակափառ գագաթներով:
Պատմում են, իբր շրջգործկոմի նախագահ Մեսրոպ Իսահակյանը մի անգամ Երևանից ձիով տեղափոխվելիս տեղատարափի տակ է ընկնում ու հազիվ իրեն գցում է այստեղ: Գիշերը լուսացնում է տաք թոնրի շուրթին, կրկնված դողերցքով, տենդի մեջ զառանցելով: Իսկ առավոտը ողջ-առողջ գյուղամեջ է դուրս գալիս: Այդ օրվանից քարտուղարը հրամայում է շրջաբերականների ու գրությունների վրա Բաբաքշի օտարամուտ անվան փոխարեն գրել Բուժական:
Սովետական կարգերից առաջ Բաբաքշին թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն: Շատ հնում, իհարկե հայերն են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղինյանց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը:
Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից, բազում արհավիրքների պատճառով, ցավոք մեզ է հասել միայն վանքի հարավային պատը, որը սակայն մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել նրա երբեմնի գեղեցկությունն ու շքեղությունը:
Գյուղի նոր պատմությունն սկսվում է հազար ինն հարյուր քսաներկու թվականից: Մինչ այդ գյուղն անմարդաբնակ էր: Քսաներկու թվականից գյուղը վերաբնակվեց պատմական Հայաստանի տարբեր գավառներից` Մշից, Բասենից, Ղարսից, Էրզրումից ինչպես նաև Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերով:
Բուժականի ներկայիս տարածքում գտնվող յոթ գյուղերը ռուս-թուրքական պատերազմից հետո բնակեցվել են թուրքերով, որոնք չկարողանալով դիմակայել բնակլիմայական անբարենպաստ պայմաններին, աստիճանաբար լքել են իրեց բնակավայրերը: Սակայն այդ բնակավայրերը նախկինում նույնպես բնակեցաված են եղել հայերով, ովքեր անջնջելի հետք են թողել իրենց ստեղծած մշակութային արժեքներով որոնց. մեծ մասը ավերվել են թուրքերի ոտնըձգությունների պատճառով :
ՈՒշագրավ է այն հանգանմանքը, որ այն նույն տարածքում, որտեղ թուրքը չկարողացավ պահպանել իր գոյությունը,հայը ոչ միայն հարմարվեց այդ պայմաններին, այլ ապրեցրեց ու ծաղկեցրեց հողը, և իր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ այժմ գյուղում հասունանում են ծիրանը, դեղձը, բալը, ընկույզը և այլ մրգեր ու հատապտուղներ, որոնց մասին նախկինում չէին էլ մտածում:
Գյուղի կենտրոնում վեր է խոյանում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հայրենական Մեծ պատերազմին գյուղի բնակիչներից մասնակցել են հարյուր հիսուն երկու հոգի, որոնցից յոթանասունվեցը չեն վերադարձել: Բուժական գյուղից մոտ հարյուր հիսուն երիտասարդներ մասնակցել են նաև Արցախի ազատագրական պայքարին, որոնք ակտիվորեն մասնակցել են գրեթե բոլոր շրջանների ազատագրմանը: Արցախյան ազատամարտում զոհվել են հինգ ազատամարտիկներ, որոնց փառքը հավերժացնող հուշակոթողը կանգնեցված է իրենց պապերի` Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան կոթողի կողքին, նույն պատվանդանին:
Ներկայիս Բուժականը թևակոխել է զարգացման նոր փուլ: Աստիճանաբար կյանքի են կոչվում տարիների առաջ կիսատ մնացած ծրագրերն ու նպատակները,նորօրյա շնչով: Դրա վառ վկայություն են նաև վերջին տարում շահագործման հանձնված մայրաքաղաքին միացնող նոր ավտոճանապարհը և նորակառույց բուժամբուլատորիան:Tegheniats.jpg

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s