Համաշխարհային պատմության մեջ III-V դդ. մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին: Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:
Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը:
Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ: Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:
Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:
Հողատիրության ձևերը
Ավատատիրական հասարակության ամենաբնորոշ հատկանիշներից մեկն ավատական խոշոր հողատիրությունն էր: Վաղ ավատատիրության շրջանում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին: «Հայրենիք» կամ «հայրենական» էին կոչվում ժառանգական սեփականության իրավունքով հորից որդուն անցնող հողերը: «Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք որպես ուտեստ հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին: Ծառայությունը դադարեցնելու դեպքում արքունիքը դրանք հետ էր վերցնում: Սակայն խոշոր ավատատերերին հանձնված այդ հողերը միտում ունեին վերածվելու հայրենիք-ի: «Գանձագին» էին համարվում այն հողերը, որոնք գնվել էին աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից: Սրանք ըստ էության չէին տարբերվում հայրենիք-ից: Կուսակրոնություն մտցնելուց հետո բարձրաստիճան հոգևորականներին պատկանող հողերը դարձան եկեղեցու սեփականություն:
Հայոց թագավորի տիրույթները հայրենիք էին, իսկ թագավորը երկրի թիվ մեկ ավատատերն էր: Նրա տիրույթները, որ միաժամանակ պետական հողեր էին, ժառանգաբար անցնում էին հորից որդուն: Չնայած դրանք համարվում էին անօտարելի սեփականություն՝ գնալով կրճատվում էին մինչև այն պահը, երբ արքունիքն սկսեց ամեն գնով դրանք հարքունիս գրավել:
Արքունական հողերը չէին բաժանվում արքունի սեպուհներին: Նրանց որպես բնակության վայր հանձնվում էին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառները: Այրարատում, որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը:
Թագավորը և ավատատիրական իշխանությունները
Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող: Նրանք ենթակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն: Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց: Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ նրա առաջնորդությամբ և դրոշի ներքո: Թագավորը ևս ուներ ենթակա մանր ազնվականներ, որոնք կոչվում էին ոստանիկներ:
Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան Հռոմեական կայսրության կամ Պարսկաստանի կողմից: Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին: Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը:
Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ: Երկրի խոշոր քաղաքներից էին Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Վանը, Զարիշատը և այլն: Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին: Եվ երբ IV դ. կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց:
Ավատատիրական աստիճանակարգությունը
Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ: Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:
Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Թագավորին էին ենթարկվում նաև կրտսեր նախարարները, որոնք նույնպես «ի սպասու ծառայություն» էին կատարում: Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները: Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին:
Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք ավատատիրական «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքով չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո:
Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:
Մեզ է հասել «Գահնամակ» անունով մի վավերագիր, ուր սահմանված է հայ նախարարներից յուրաքանչյուրի տեղն արքունիքում: Մեկ այլ փաստաթուղթ, որը նույնպես կրում էր «Գահնամակ» անունը, նախարարությունների ռազմական ուժը ներկայացնելու պատճառով պայմանականորեն կոչվել է Զորանամակ: Համաձայն «Գահնամակի», նախարարների արքունիքում զբաղեցրած դիրքը համապատասխանում էր նրանց ռազմական կարողություններին:
Պետական կարգը: Բանակը
Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:
Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները: Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա Ամատունիները:
Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր: Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:
Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:
Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը: Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր: Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր:
Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:
Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:
Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը:
Կային նաև այլ գործակալություններ:
Բանակը
Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից: Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով: Բանակի մաս էին կազմում մարդպետական 15 հազարանոց գունդը և մաղխազական 10 հազարանոց գունդը, որով արքունական զորուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի: Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները: Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր: Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը:
Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն: Քաղաքների պարիսպներն ավերելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան մեքենաներ: Մեծ նշանակություն էր տրվում քարանետ գործիքներին: Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և քաղաքների ու ամրոցների պարիսպների խորտակումով: