Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։
Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար 9-10-րդ դարերում, եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XI դդ., ճարտարապետ Խաչատուր)։
Պատմական այլ աղբյուրների վկայությամբ` սրբատաշ, խաչաձեւ, կամարակապ եւ անսյուն, 10 մետր երկարություն, ութ մետր լայնություն եւ ինը մետր բարձրություն ունեցող հոգեւոր այս կառույցը եւ հայ ճարտարպետության գլուխգործոցներից համարվող այս կոթողը կանգուն է մնացել մինչեւ 17-րդ դարի վերջերի աշխարհավեր երկրաշարժը, ինչի հետեւանքով փլվել են եկեղեցու գմբեթը եւ պատերի վերեւի մասերը: 1830 թվականից հետո այստեղ հաստատված հայ գաղթականները եկեղեցին ծածկել են գերաններով եւ օգտագործել որպես հավատի տուն:
Սուրբ Աստվածածինը, սակայն, նորից կիսավեր վիճակի վերադարձել է խորհրդային տարիներին: Իսկ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նորատուսցիները շարունակ մտածել են եկեղեցին իր նախկին շքեղ տեսքի մեջ վերականգնելու ուղղությամբ:
Եկեղեցու շինարարությունը սկսվեց 2010 թվականից, Հայկ Մաղաելյանի բարերարությամբ: Միջոցների սղության պատճառով այն ընդհատվեց որոշակի ժամանակահատվածում եւ վերսկսվեց Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ: Բացի եկեղեցու վերականգնումը, բարեկարգվեց նաեւ տարածքը, ստեղծվեց ժամանակակից ու գեղեցկատես պուրակ:
Հիշում եմ դպրոց գնալիս ամեն օր տեսնում էի շինարարներին և մտածում “Ե՞րբ է եկեղեցին վերջապես իր վերջնական տեսքը ստանալու”
Եվ երբ սեպտեմբերի 28ին վերջապես տեսա արդյունքը հասկացա, որ իզուր չէին գրեթե 10 տարիները, որ անցան սպասումով։ Իմ աչքերի առաջ փլատակը վեր հառնեց և դարձավ իսկական, հայկական, միառժամանակ շքեղ և համեստ եկեղեցի։
Անչափ երջանիկ եմ իմ հարազատ գյուղի համար։ Աստված թող պահապան լինի բոլոր նորատուսցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չխնայեցին այս հրաշալի պատմամշակութային կոթողը վերականգնելու համար։
Բացման արարողությանը ներկա էին գյուղի բնակչության մեծամասնությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր արտասահմանից, զլմ-ը ներկայացուցիչներ։ Հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը իրենց կատարումներով էլ ավելի ջերմացրին մթնոլորտը։
Առավել մանրամասն լրատվական հոլովակում, որի հղումը կտեղադրեմ ներքևում։